National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.02.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը
1 / 6

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով.

«Սիրելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

ողջունում եմ ցուցահանդեսի բացումը, որը խորհրդանշական խորագիր ունի՝ «Միասին»:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:

Մենք դարեր շարունակ միասին ենք: Անցյալ տարի Հայաստանը եւ Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նոր շրջափուլ մեր ժողովուրդների փառավոր պատմության մեջ: 300 տարի առաջ հիմնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմը՝ հոգեւոր կենտրոնը Ռուսաստանի հայերի, որոնք հավատարմորեն ծառայում են իրենց նոր հայրենիքին՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:

Վերջին քառորդ դարում հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են՝ հասնելով դաշնակցայինի, որը բավարարում է մեր ժողովուրդների կենսական շահերը եւ ձգտումները:

Մեր երկրների միջպետական հարաբերությունների անկյունաքարն է Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի քսանամյակը նույնպես նշել ենք հոբելյանական 2017 թվականին:

Սիրելի բարեկամներ,

«Միասին» ցուցահանդեսում ընդգրկված են այնպիսի ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ՝ տեղեկատվական ու նորարարական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը եւ գինեգործությունը, սննդարդյունաբերությունը, զբոսաշրջությունը եւ այլք: Ներկայացված են թե ընկերություններ, որոնք լավ հայտնի են ռուսաստանյան սպառողին, թե այնպիսիք, որոնք դեռ նոր պետք է իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնեն ռուսական շուկայում:

Ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա հարստացնել մեր երկկողմ համագործակցությունը, բացահայտել նոր հեռանկարներ՝ փոխադարձաբար միավորելով մեր տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ներուժը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հետաքրքիր ցուցահանդեսի կազմակերպմանը:

Բարի գալուստ ցուցահանդես, հուսով եմ՝ բոլորդ հետաքրքրված կլինեք»:

ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am